Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«ԵԹԵ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ, ԿԴԱԴԱՐԻ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԺ»

«ԵԹԵ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ, ԿԴԱԴԱՐԻ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԺ»
25.05.2010 | 00:00

Անցյալ շաբաթվա վերջին Եվրախորհրդարանը լիագումար նիստում ընդունեց թիվ 2216 բանաձևը, որում Հայաստանի համար ոչ ցանկալի կետեր են ներառված։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` փաստվում է, որ հայկական ուժերը պետք է ազատեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքները։ Այս բանաձևի առնչությամբ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց մեկնաբանությունները հնչեցրին։ Երբ փորձեցինք բանաձևի առնչությամբ դիտարկումներ լսել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, պարզվեց, որ նա բանաձևն ընդհանրապես չի կարդացել, ուստի զրուցեցինք ներքին խնդիրների շուրջ։
-Վերջերս Արարատի մարզում ՏԻՄ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածուները զիջեցին անկուսակցականներին։ Սա ՀՀԿ-ի դիրքերի նահա՞նջ է։
-Հանրապետականների պարտվելն օրինաչափ չէ։ Հնարավոր է` մի համայնքում պարտվեն, տասում հաղթեն։ Եթե պարտվում են, չի նշանակում, որ մյուս տեղերում արդեն պարտվելու են։ Իհարկե, վատ է, որ պարտվել են, բայց լավ աշխատելու դեպքում չէին զիջի։
-Փաստորեն, հանրապետականները լավ չե՞ն աշխատում։
-Ըստ երևույթին` ոչ։ Նախընտրական քարոզչությունը, բնակչության հետ շփումը ճիշտ չեն իրականացնում։ Ի դեպ, ՀՀԿ-ն 900-ից ավելի համայնքներում ունի շուրջ 650 համայնքի ղեկավար։ Բնական է, որ նրանցից յուրաքանչյուրն աշխատելու է մեր կուսակցության օգտին։ Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն, որպես կառավարող կուսակցություն, մշտապես հաղթում է։ Բայց, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք երկու տարի առաջ արդեն սկսել են նախընտրական քարոզչությունը, ՀՀԿ-ն նման ակտիվությամբ չի պատրաստվում ընտրություններին։ Կգա ժամանակը, և ՀՀԿ-ն ինտենսիվ քարոզչություն կծավալի։
-Իշխանության մաս կազմող մյուս կուսակցությունները, Ձեր դիտարկմամբ, արդեն սկսե՞լ են քարոզչական «արշավը»։
-Այո՛։ Կարող եմ մեր համայնքի (Նոր Նորք) օրինակով փաստել, որ ԲՀԿ-ն ավելի ակտիվ աշխատանք է ծավալում, քան ՀՀԿ-ն։ Բայց սա չի նշանակում, որ այս համայնքում կարող են ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հաղթել։ Սա կերևա տարիուկես հետո, երբ ՀՀԿ-ն կսկսի աշխատել։
-Ասել է` ՀՀԿ-ն չի շտապում, քանի որ մտահոգություն չունի՞, որ մրցակիցներն իրենից ավելի ուժեղ են։
-Բացարձակ մտահոգություն կամ մտավախություն չունենք։ Սա չի նշանակում, որ պիտի հանգստանանք ու դափնիների վրա քնենք։ Պետք է ընտրություններից գոնե մեկ տարի առաջ սկսենք աշխատել։ Այսօր կուսակցությունն զբաղված է հանրապետությանը հուզող առօրյա խնդիրները լուծելով։
-Համատարած հանրապետականացումը Ձեզ չի՞ հիշեցնում Խորհրդային Միության միակուսակցական համակարգը։
-Ոչ, նմանություն բացարձակ չկա, քանի որ այն ժամանակ իսկապես միակուսակցություն էր։ Հիմա միայն կոալիցիայի մեջ կա երեք կուսակցություն, Ազգային ժողովում` երկու ընդդիմադիր խմբակցություն, ո՞նց կարելի է դա միակուսակցականություն համարել։ Այն ժամանակ ընտրությունները միայն ձևականություն էին, իսկ հիմա սոսկալի պայքարով են ընտրվում։ Սա ինչպե՞ս կարելի է համեմատել կոմունիստական կուսակցության հետ։
-Բայց այսօր էլ հանրապետականը կարող է միանձնյա որոշում կայացնել ու դա օրենք դարձնել։ Նույն բանը չէ՞։
-Որ երկիրն էլ այսօր դիտարկեք, կուսակցություններից մեկը հեգեմոն դերում է։ Հայաստանում այդ դերը վերապահված է ՀՀԿ-ին, որը, կարծում եմ, դեռ մի քանի ընտրաշրջան կպահպանի այն։ Իրավիճակն այնպիսին է, որ, այո, եթե ՀՀԿ-ն ինչ-որ բան որոշեց, դա լինելու է, բայց եթե կոալիցիոն անդամները` ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը, միանան ընդդիմադիր խմբակցություններին, հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն, բայց կոալիցիան համագործակցված աշխատում է։ Իհարկե, որոշ հարցերում, ինչպես հարկային օրենսդրության և այլն, տարաձայնություններ կան։ Այնպես չէ, որ Ազգային ժողովում միայն ՀՀԿ-ի օրինագծերն են անցնում։ «Ժառանգությունից» և ՀՅԴ-ից ևս օրինագծեր են ներկայացվում, որոնք ընդհանուր համաձայնության են արժանանում։
-Նոր խորհրդարանի պատկերը նման կլինի՞ այսօրվան, թե՞ այլ վերադասավորումներ կլինեն։
-Մոտավորապես այսպիսին կլինի։
-Այսինքն, կոալիցիան վերարտադրվելու է։
-Ոչ թե վերարտադրվելու է, այլ ՀՀԿ-ն իր դիրքերը չի զիջի, համոզված եմ։
-Արտախորհրդարանական ուժերը, մասնավորապես ՀԱԿ-ը, ներկայացված չե՞ն լինի նոր խորհրդարանում։
-Շատ հնարավոր է, որ ՀԱԿ-ը որոշակի տեղեր ստանա ու կարողանա խմբակցություն ձևավորել։
-Իսկ կոալիցիոն ձևաչափը կպահպանվի՞, թե՞ արդեն իսկ սպառել է իրեն։
-Դա կերևա ուժերի դասավորությունից, թե խորհրդարանում հանրապետականը որքան տեղեր կզբաղեցնի, ու ինչ հարաբերակցություն կստացվի մյուս ուժերի հետ։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիայի սպառմանը, այդպես չէ, քանի որ կոալիցիան շարունակում է երկրի կառավարումն իրականացնել։ Դրան չսպառնաց նաև կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալը, քանի որ կառավարման մեջ ոչինչ չփոխվեց։
-Որպես Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, գո՞հ եք այս խորհրդարանից։
-Միանգամից ասեմ` ոչ։ Շատ լավ հիշողություններ են կապված Գերագույն խորհրդի հետ, որովհետև այն ժամանակ ընտրությունները տեղի էին ունենում բազմակարծության պայմաններում։ Նախ և առաջ նրանք բոլորը գրագետ էին, անցել էին պետական կառավարման դպրոց։ Կային բազմակարծություն, իրար հակասող, սուր քննարկումներ, ելույթներ, հարցերը քննարկվում էին ակտիվ։ Գերագույն խորհուրդը և՛ իր գործունեության մակարդակով, և՛ կազմով ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ-ն։ Քանի որ այն ժամանակ նոր էր օրենսդրությունը մշակվում, հնարավոր է` որոշակի սխալներ թույլ տրվեին, քանի որ նոր էին ձևավորվում ԱԺ-ի հանձնաժողովները և այլն։ Հիմա այդ բոլոր հարցերը լուծված են, ու ավելի հեշտ է ԱԺ-ի աշխատանքներն իրականացնել, քանի որ ռելսերի վրա ենք։ Կուսակցականությունն իր կնիքը դրել է այսօրվա խորհրդարանի վրա։ Եթե մի կուսակցություն կազմում է բացարձակ մեծամասնություն, հաղթում է նրա տեսակետը։ Սա իր մեջ ժողովրդավարության առումով որոշակի վտանգ է պարունակում։ Դրա համար էլ զարգացած երկրներում ընդունված է, որ ընդդիմադիր ուժերի իրավունքները պաշտպանվեն։ Այս ճանապարհով գնում ենք նաև մենք։
-Քանի որ բարձր գնահատեցիք ԳԽ-ի ինտելեկտուալ կազմը, չե՞ք կարծում, որ ԱԺ մեծամասնությունը պետք է խորհրդարան բերի այդ «տեսակին»։
-ԳԽ-ն ընտրվում էր միայն մեծամասնական ընտրակարգով, և անգրագետ մարդն իրավունք ու հնարավորություն չուներ ընտրվելու, որովհետև պիտի հանդիպեր ժողովրդի հետ ու ցույց տար իր ինտելեկտը։ Հիմա հիմնականում համամասնական ընտրակարգով է, ու ցուցակներում տեղ են գտնում մարդիկ, ովքեր արժանի չեն ԱԺ-ում աշխատելու։ Մարդիկ կան, որ տարին մեկ են խորհրդարան մտնում կամ միայն կարևոր քվեարկությունների ժամանակ են գալիս, ոչ մի օրինագծի վրա չեն աշխատում։ Սա իր բացասական հետքն է թողել այս խորհրդարանի վարկանիշի վրա։ Այսօր ԱԺ-ում աշխատում է 30 պատգամավոր, չնայած պատգամավորների թիվը 131 է։ Մեծ մասն զբաղվում է գործարարությամբ ու միայն քվեարկության մասնակցելով ավարտում է իր աշխատանքը օրենսդիր մարմնում։ Այս ամենում մեղքի մեծ բաժին ունի պատգամավորների անձեռնմխելիության իրավունքը։ Պիտի անձեռնմխելիությունից օգտվեն միայն Ազգային ժողովի շենքում (քննադատություն, պաշտոնատար անձանց վերաբերյալ ելույթներ և այլն), և ոչ թե դրսում հանցագործություն կատարեն, գործարարության կանոնները խախտեն, մոնոպոլ դիրք գրավեն ու պատասխանատվության չենթարկվեն։ Եթե անձեռնմխելիությունը սահմանափակվի, կդադարի նաև գործարարների, օլիգարխների մուտքն ԱԺ։ Նրանց փոխարեն կգան տնտեսագետներ, իրավաբաններ, թեկուզ և նրանց աջակցությամբ։ Հիմա նրանք ԱԺ են գալիս իրենց բիզնեսի համար տանիք ունենալու համար։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ